ՓՀԷԿ-երում ներդրումների ընդհանուր գումարային ծավալը գնահատվել է շուրջ 1 մլրդ․ ԱՄՆ դոլար

2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ էլ. էներգիա են արտադրել 187 փոքր ՀԷԿ-եր, որոնց գումարային դրվածքային հզորությունը կազմել է մոտ 370ՄՎտ: 2018թ. էլ. էներգիայի արտադրությունը փոքր ՀԷԿ-երի կողմից կազմել է մոտ 1 մլրդ. կՎտxժ: Ըստ տրամադրված լիցենզիաների 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կառուցման փուլում են գտնվում ևս 28 ՓՀԷԿ, նախագծային մոտ 59 ՄՎտ գումարային հզորությամբ և 203 մլն.կՎտxժ էլ. էներգիայի տարեկան արտադրությամբ:  ՓՀԷԿ-երում ներդրումների ընդհանուր գումարային ծավալը գնահատվել է շուրջ 1 մլրդ․ ԱՄՆ դոլար։   

2001 թվականի մարտի 7-ին ընդունված «էներգետիկայի մասինե ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի գ) ենթակետի համաձայն` տասնհինգ տարվա ընթացքում փոքր հիդրոէլեկտրակայանների կողմից և էներգիայի վերականգնվող այլ ռեսուրսների (հողմային, արեգակնային, երկրաջերմային և կենսազանգվածի) կիրառմամբ էլեկտրակայանների կողմից քսան տարվա ընթացքում արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիան (հզորությունը) ենթակա է գնման` շուկայի կանոններով սահմանված կարգով:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ հավանության է արժանացել ՀՀ տարածքում վերականգնվող էներգետիկ աղբյուրների կիրառմամբ արտադրվող էլեկտրաէներգիայի սակագնի հաշվարկման մեթոդիկան, ըստ որի տարեկան կտրվածքով սահմանվում է սակագին նաև հիդրոէներգետիկայի համար: Համաձայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի մայիսի 29-ի թիվ 159-Ն որոշման 2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը կազմում է՝ 24.276 դրամ/կՎտxժ` առանց ԱԱՀ, ոռոգման համակարգերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 16.181 դրամ/կՎտxժ առանց ԱԱՀ, խմելու ջրատարների վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 10.788 դրամ/կՎտxժ: Այդ սակագինը սահմանվում և վերանայվում է ըստ հանձնաժողովի կողմից 2015 թվականի ապրիլի 22-ի թիվ 88-Ն որոշմամբ ընդունված հստակ մեթոդիկայի:Վերոնշյալ մեթոդիկայի համաձայն յուրաքանչյուր տարեվերջին ինդեքսավորվում է հիդրոէներգետիկայի սակագինը՝ կախված դոլարի համեմատ ՀՀ դրամի տատանումներից, որոշակի ժամանակահատվածի համար և կախված Հայաստանում սպառողական գների փոփոխությունից:

Աղբյուրը՝ այստեղ:

No Comments Yet.