Մեր մասին

2016 թվականի հոկտեմբերին ստեղծվել է «ՀՀ Վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» իրավաբանական անձանց միությունը:

Ասոցիացիան գործունեություն է ծավալում Հայաստանի Հանրապետությունում, համագործակցում և համատեղ ծրագրեր է իրականացնում ԵՄ, Արևելյան Եվրոպայի, ԱՊՀ, Պարսից ծոցի ավազանի և Հվ. Աֆրիկայի երկրների հետ: Ասոցիացիան հանդիսանում է մի շարք միջազգային մասնագիտացված ցանցերի անդամ, ակտիվորեն մասնակցում է միջազգային սիմպոզիումներին ու ցուցահանդեսներին, ստանում է գիտելիքներ և տեղեկատվություն ինովացիոն կենտրոնների գործունեությունից: Այս առումով Ասոցիացիան իր անդամների համար հանդես է գալիս որպես գիտա-հետազոտական և տեղեկատվական կենտրոն:

Հայաստանի Հանրապետությունում Ասոցիացիայի անդամներն են վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումներ կատարած և էլեկտրաէներգիա արտադրող գործարարներն ու ընկերությունները: Ասոցիացիայի հիմնադիր խորհուրդը նախևառաջ կարևորում է իր անդամների շահերի պաշտպանությունը և նրանց հուզող խնդիրների կարգավորումը օրենքի սահմաններում:

Ասոցիացիան հանդես է գալիս որպես ՀՀ Կառավարության և մասնավոր հատվածի միջև մշտական և կայուն հիմքերի վրա դրված կապ և երկխոսություն ապահովող օղակ: Մյուս կողմից, երկարաժամկետ ծրագրերի իրականացման տեսանկյունից Ասոցիացիան հանդես է գալիս նաև կապող օղակ Արտասահմանյան ֆինանսական ինստիտուտների, ՀՀ Կառավարության և մասնավոր հատվածի միջև, ինչպես նաև դոնոր կազմակերպությունների, ՀՀ Կառավարության և մասնավոր հատվածի միջև: Մեր նպատակն է կողմերի միջև հիմք դնել փոխշահավետ և կայուն համագործակցության:

Ասոցիացիայի գործունեությունը նպատակաուղղված է զարգացնելու և առավել համակարգված ու թափանցիկ դարձնելու հետևյալ ոլորտները՝

  • Էներգետիկ անվտանգության ապահովում
  • Մաքուր էներգիայի կայուն զարգացում
  • Էներգետիկայի ոլորտում ներդրումների համար առավել բարենպաստ պայմանների ստեղծում. ա/ ներդրումների ներգրավվում, բ/ ոլորտում ներդրումներ կատարած գործարարի շահերի պաշտպանություն
  • Օրենսդրական և հարկային դաշտի կարգավորում
  • Բնապահպանական խնդիրների կարգավորում
  • Միջոցառումների իրականացում գործող ՓՀԷԿ-երում արտադրողականության և ֆինանսա-տնտեսական պատկերի բարելավման ուղղությամբ
  • Բնական կապիտալի արդյունավետ կառավարում, վերահսկողության մեխանիզմների կիրառում. մասնավորապես կարևորվում է ջրային ռեսուրսների բաշխվածության և ոռոգման համակարգերի վերահսկողության խնդիրը
  • Վերականգնվող էներգետիկայի դաշտի առողջացում
  • Գործարարների մոտ առկա բացասական բարոյահոգեբանական պատկերի փոփոխությանը միտված մեխանիզմների կիրառում
  • Մեր շահառուների աշխատակազմների մասնագիտական հմտությունների բարձրացում, թիմային աշխատանքի ժամանակակից մոտեցման կիրառում
  • Ոլորտին առնչվող անգրագետ ու անհիմն հերյուրանք տարածող հրապարակային նյութերի չեզոքացում

Ասոցիացիայի ստեղծումով հիմք է դրվել կարևոր մեխանիզմի գործունեությանը, որը միտված է կանաչ էներգիայի արտադրության ոլորտում պահանջարկի և տարիներով կուտակված և լուծում չստացած խնդիրների վերհանմանը, քննարկմանը և լուծումների փաթեթի առաջարկության ձևավորմանը:

Մենք արժևորում ենք բնական կապիտալն ու կարևորում տնտեսական և բնապահպանական խնդիրների բալանսավորման հիմնահարցը:  Միայն այդ կերպ և համագործակցաբար է հնարավոր առավել արդյունավետ լուծել ոլորտում կուտակված է ներդրողներին անհանգստացնող խնդիրները:

Հայտնի է, որ վերականգնվող էներգետիկայի միջոցով արտադրված էլեկտրաէներգիան կազմում է ՀՀ-ում արտադրված էլեկտրաներգիայի ավելի քան 30%-ը, որից 13%-ից ավելին արտադրվում է փոքր հիդրոէլեկտրակայանների միջոցով: Համաձայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տրամադրած տվյալների 2017թ. հունվարի 1-ի դրությամբ կառուցված է 177 ՓՀԷԿ ընդհանուր առմամբ 328.2 մՎտ դրվածքային հզորությամբ և 880.4 մլն կվտժ էլեկտրական էներգիայի փաստացի միջին տարեկան օգտակար առաքմամբ: Եվս 37 հիդրոէլեկտրակայան 71.5 մվտ ընդհանուր դրվածքային հզորությամբ և 253.3 մլն կվտժ տարեկան արտադրանքով ստացել են լիցենզիաներ և գտնվում են կառուցման փուլում:

Ի կատարումն ՀՀ Կառավարության  2016 թվականի հունվարի 14-ի № 131-Ն որոշման թիվ 1 հավելվածի 4-րդ կետի ՀՀ  Կառավարության  2016 թ. դեկտեմբերի 29-ի նիստի N 53 արձանագրային  որոշմամբ ընդունվել է §Հայաստանի Հանրապետության հիդրոէներգետիկայի զարգացման¦ հայեցակարգը: Համաձայն հայեցակարգի 3-րդ կետի, Վերականգնվող էներգետիկայի զարգացումը, որի ճյուղն է հանդիսանում հիդրոէներգետիկան, ՀՀ Կառավարության գերակայություններից է: Հայեցակարգի 35-րդ կետում մասնավորապես նշված է՝ Հայաստանում փոքր ՀԷԿ-երի (ՓՀԷԿ) կառուցման գործընթացը համարվում է որպես վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման առաջատար ուղղություն: