Առաքելություն

"ՀՀ Վերականգնող էներգիա արտադրողների ասոցիացիա" իրավաբանական անձանց միության նպատակներն են՝

  1. ՀՀ Վերականգնվող էներգիայի ոլորտի առողջացում
  2. Կանաչ էներգիայի կայուն զարգացման համար նախադրյալների ստեղծում
  3. ՓՀԷԿ-երի ֆինանսա-տնտեսական պատկերի բարելավվում
  4. Ջրային ռեսուրսների արդյունավետ և վերահսկելի կառավարման համակարգի ստեղծում
  5. Ներդրումներ ունեցող գործարարի ֆինանսա-վարկային բեռի թեթևացում, ստեղծված բացասական բարոյահոգեբանական մթնոլորտի կարգավորում
  6. Արտասահմանյան ֆինանսական ինստիտուտների հետ ներդրումային ծրագրերի մշակում, ՀՀ Կառավարության միջոցով ներդրումային առավել ճկուն քաղաքականության ստեղծում մաքուր էներգիայի արտադրման ոլորտում
  7. ՀՀ Կառավարություն- մասնավոր հատված երկխոսության ապահովում
  8. Կրթական ցենզի բարձրացում

ՀՀՎԷԱԱ-ն իր գործունեությունը սկսել է ներքին աուդիտից՝ հասկանալու համար, թե ինչ խնդիրների են այսօր հանդիպում վերականգնվող էներգետիկայի ոլորտում արտադրություն ապահովող ներդրողներն ու գործարարները: Վերհանված խնդիրների և ՀԷԿ-երի սեփականատերերից ստացված մտահոգությունների մեծ մասը կարելի է բաժանել երկու ենթախմբի.

  1. Դրամային ու արժույթային վարկային ռեսուրսների ծանր բեռը, ներդրողների վարկավորման անբարենպաստ պայմաններն ու դրանց հետևանքները ֆինանսական և բարոյահոգեբանական տեսանկյունից
  2. Ջրային ռեսուրսների անհամաչափ բաշխվածությունը, կանոնակարգերի ոչ պատշաճ կիրառումը, ոռոգման համակարգերի անմխիթար ու վատթար վիճակը, ինչպես նաև ոլորտում վերահսկողության բացակայությունն ու բազմաթիվ այլ խնդիրներ:
  3. Բարոյահոգեբանական պատկերի առկայություն, որը զրկում է երկիրը կարևորագույն ակտիվից՝ ոլորտում փորձ ու հմտություններ ունեցող գործարարից: Մեր հարղումները ցույց են տալիս, որ գործարարների մոտ 70% ստեղծված պայմաններում պատրաստ են վաճառել ՓՀԷԿ-երն ու իրենց ակտիվները դուրս բերել երկրից:

Ասոցիացիայի գործունեության փուլերն են՝

Ներքին Աուդիտ. նպատակն է հասկանալ թե որոնք են ներդրումներ ունեցող էլեկտրաէներգիա արտադրող և հարկատու կազմակերպություններին ու գործարարներին հուզող հիմնախնդիրները:

Անդամագրություն. Ասոցիացիայի անդամ դառնալու հայտ ներկայացրած ընկերությունների հետ պայմանագրերի կնքում (մեկնարկել է 2017թ. մարտի 1-ից): Յուրաքանչյուր անդամ Ասոցիացիայի տվյալների բազայում ունի իր համար առանձնացված քարտային բաժինը: Մեզ համար կարևոր է հասկանալ մեր շահառուի բիզնեսում առկա խնդիրներն ու նրան հուզող հիմնահարցերը: Անդամ դառնալու համար անհրաժեշտ է հայտ ներկայացնել, լրացնելով հարցման թերթիկները: 5-օրյա ժամկետում Ասոցիացիայի տեխնիկական, ֆինանսական և իրավական բաժինների մասնագետների եզրակացությունների հիմման վրա հիմնադիր ժողովը հաստատում կամ մերժում է հայտը:

Հետազոտական ծրագրերի փուլ. Ասոցիացիան գործունեության առաջին իսկ օրվանից հիմք ընդունելով ներքին աուդիտի տվյալները կազմել ու ՀՀ Կառավարությանն է ներկայացրել հետազոտական ծրագրեր հետևյալ ուղղություններով՝

  1. Ջրային ռեսուրսների կառավարման խնդիր, լոկալ մակարդակներով ուսումնասիրությունների իրականացում, խնդիրների վերհանում, էներգետիկ, բնապահպանական, ֆինանսա-տնտեսական տեսանկյուններից առավել արդյունավետ պատկերի ներկայացում ռեսուրսների առավել համաչափ կամ այլընտրանքային մոդելի կառավարման դեպքում:
  2. Ոռոգման համակարգերի ուսումնասիրություն, կառավարման և վերահսկողության մոդելի առաջարկում, իրավական նորմերի կարգավորման մշակում:
  3. ՓՀԷԿ-երում առկա ֆինանսա-տնտեսական իրավիճակի ուսումնասիրություն: Վերազինման և վերավարկավորման հնարավորությունների և պոտենցիալի գնահատում, գործարարին պետական մակարդակով աջակցության ձեռք մեկնելու գաղապարի զարգացում: Գաղտնի չէ, որ բավական մեծ թվով ՓՀԷԿ-եր կառուցվել են վարկային ռեսուրսների հաշվին: Դեվալվացիայի և ինֆլյացիայի արդյունքում ընդամենը մեկ-երկու տարվա ընթացքում գործարարի արժութային վարկի 20-25%-ով թանկացման հանգամանքը բավական լուրջ բացասական ազդեցություն է թողել ոլորտի վրա:
  4. Ներդրումների համար առավել բարենպաստ պայմանների ստեղծման համար անհրաժեշտ փոփոխությունների իրականացում, օրենսդրական և հարկային դաշտի փոփոխությունների նախագծերի իրականացում:

Բարեփոխումների և առաջարկությունների փաթեթի ներկայացում ՀՀ Կառավարությանը: Հետազոտությունները ցույց են տալիս վերականգնվող էներգետիկայի ոլորտում առկա ֆինանսա-տնտեսական, էներգետիկ, բնապահպանական, սոցիալական խնդիրների հիմնական աղբյուրները: ՀՀՎԷԱԱ մասնագիտական թիմը հետազոտությունների իրականացման ընթացքում մասնավոր և պետական շահը համադրելով ՀՀ Կառավարությանն է ներկայացնելու կոնկրետ առաջարկությունների փաթեթ՝ ցույց տալով արդյունավետությունն ըստ ոլորտների:

Կրթական և Սոցիալական ծրագրեր: Ասոցիացիան նպատակ ունի հիմնել ոչ ֆորմալ կրթության համակարգ, որը լրացուցիչ նեղ մասնագիտական հմտություններ կտա նորավարտ կադրերին ու մարզերում գտնվող Ասոցիացիայի անդամ կազմակերպությունների միջոցով կլուծի նրանց աշխատանքի տեղավորման խնդիը: Ասոցիացիան նաև նախատեսում է միջոցառումների շարք, որոնք միտված են Ասոցիացիայի անդամների աշխատակազմի մասնագիտական հմտությունների բարձրացմանն ու զարգացմանը:

Տեղեկատվական դաշտը մոնիտորինգի ենթարկելուց հետո մենք շատ ենք կարևորում նաև լրագրողների ու որոշ բնապահպանների մասնագիտական հմտությունների բարձրացումն ու աշխատանքներ ենք տանում դոնոր կազմակերպությունների հետ նմանօրինակ ծրագրերը պարբերական դարձնելու ուղղությամբ:

Միջազգային համագործակցություն: Ասոցիացիան բանակցությունների և ռազմավարական խնդիրների առումով քննարկումների փուլում է գտնվում մի շարք եվրոպական ցանցերի ու միջազգային կառույցների հետ՝ անդամակցելու և համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով: Ասոցիացիան այժմ փոխըմբռնման հուշագրերի նախագծերի մշակման փուլում է գտնվում միջազգային ֆինանսական ինստիտուտների, բնապահպանական կառույցների, մաքուր էներգիայի կայուն զարգացման ծրագրեր իրականացնող եվրոպական ֆոնդերի հետ:

ՀՀՎԷԱԱ հիմնադիր կազմը հանդիպումներ է ունեցել Հայաստանում ներկայացված մի շարք միջազգային կազմակերպությունների և դեսպանատների հետ: Քննարկվել են համատեղ ծրագրերի իրականացման և Ասոցիացիայի անդամների խնդիրների լուծմանը միտված հնարավոր միջոցառումների իրականացման հարցեր:

ՀՀՎԷԱԱ հիմնական նպատակն է 2020 թվականին ՀՀ Վերականգնվող էներգիայի արտադրության միջոցով ունենալ էլեկտրաէներգիայի արտադրության ընդհանուր ծավալի 25-30%-ը: