Որո՞նք են Սևանա լիճ թափվող և դուրս եկող ջրերի չափման իրական մեխանիզմները

Գաղտնիք չէ, որ համայն հայության պարծանք հանդիսացող Սևանա լիճն այսօր գտնվում է խորը  ճգնաժամի մեջ, իսկ հիմնական պատճառը ոչ միայն լճի ջրերի սխալ, անարդյունավետ և ոչ խնայողաբար օգտագործումն ու լճի նկատմամբ անարժանավայել մոտեցումը, այլ նաև այն է, թե իրականում որքա՞ն ջուր են տեղափոխում Սևանա լիճ և հանրությանն իրականում որքան են ներկայացնում: Իսկ իրականում հանրությունը սկեպտիկորեն է վերաբերվում Սևանա լիճ տարվող և հանվող ջրերի այն թվերին, որոնք մատուցվում են պատկան մարմինների կողմից, քանի որ երբևիցէ որևէ կերպ ոչ ներկայացվել են դրանց չափման իրական մեխանիզմները  և ոչ էլ խորապես հետևել ընթացող գործողություններին:

Իսկ իրականում այդ չափման մեխանիզմները բավական զավեշտալի են, քանի որ ջրերի չափագրումնը մեծապես իրականացվում է նախնադարյան ձողաքանոն կամ այսպես կոչված «ռեյկա» կոչվող չափիչի միջոցով, ինչը չի արձանագրում ո’չ արագություն, ո’չ կապարակնքվում է, ո’չ էլ դիմակայուն է ուժեղ քամու և այլ անոմալ պայմաններում: Առավել քան զավեշտալի է այն վիճակը, որ նույնիսկ սույն ձողաքանոնները խիստ սակավաթիվ են Սևանա լճի ջրահավաք ավազանում, հատկապես խոսը գնում է «Արփա-Սևան» երկու թունելների մասին, որտեղ էլ տեղադրված են այդ ձողաքաննոները: Որևէ ջրաչափական սարք տեղադրված չէ «Որոտան-Արփա» ջրատար թունելի վրա, որնը 2004 թվականի պաշտոնական բացումից ի վեր այդպես էլ չի գործել և Սևանա լիճ մեկ գրամ ջուր չի տեղափոխվել, չնայած նրան, որ օրենքով է հաստատված և պահանջվում է տեղափոխել տարեկան 165 մլն խմ/վ ջուր: Եվ այսօր հանրությանը ներկայացնում են թվեր, որոնք որևէ կերպ վստահություն չի սերմանում, մինչդեռ հենց հանրությունն է պահանջում, որ դրանք ներկայացվեն առցանց ռեժիմով, հենց հանրությունն է ցանկանում, որ պերմանենտ կարգով մասնակից լինի տեղափոխվող ջրերի ճիշտ և ստույգ հաշվառմանը և չափմանը: Ավելին, ջրաչափերի պարտադիր առկայության մասին են վկայում նաև ՀՀ ջրային օրենսգրքի 19-րդ հոդվածում ամրագրված դրույթները: Իսկ այսօր ջրաչափերի բացակայության կամ դրանց անպիտանելիության պայմաններում մատուցվում են խիստ հակասական և իրարամերժ թվեր: Ըստ էության,  հենց դրանով էլ պայմանավորված է այն հանգամանքը, որ ոլորտի պատասխանատուների կողմից տարբեր թվեր են մատուցվում:

Հիշեցնենք, որ դեռևս 2018 թվականին ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիան (այսուհետ՝ Ասոցիցիա) իրականացրել էր հայցումներ ոլորտի պատասխանատու պետական կառույցներ՝ ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտե (այսուհետ՝ Կոմիտե), «ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ» ԲԲԸ և ՀՀ բնապահպանության նախարարություն (այսուհետ՝ Բննախ)՝ հստակ խնդրելով ներկայացնել վերջին 5 տարիներին ինչպես դեպի Սևանա լիճ ջրալրման, այնպես էլ Սևանա լճից ջրբացթողումների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն: Ստացված տվյալները պարզապես ապշեցնում են: Ըստ էության, բոլոր երեք կառույցների մոտ նույն խնդրի շուրջ առկա են տարաբնույթ, մեկը մյուսից տարբեր, շատ անգամ հակասող և ինչու չէ   նաև անիրատեսական թվացող թվեր: Օրինակ, «Արփա-Սևան» թունելով Սևանա լիճ տեղափոխված ջրի ծավալների մասով, ըստ Կոմիտե, 2014թ.-ին տեղափոխվել 131.26  մլն խմ ջուր, ըստ Բննախի՝ 130.2  մլն խմ ջուր, իսկ «ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ» ԲԲԸ-ն այդ տարեթվով տվյալներ չի ներկայացրել: Փոխարենը, ըստ վերջինիս ներկայացված տվյալների, 2015թ. Սևանա լիճ տեղափոխվել է 109.601 մլն խմ ջուր, ըստ Կոմիտեի՝ 118.32 մլն խմ ջուր, իսկ ըստ Բնութնախի՝ 116.6 մլն խմ ջուր: Նույն վիճակը տիրում է նաև 2016, 2017 և 2018 թվականների համար (վստահ ենք նաև՝ 2019 և 2020 թվականներին): Այդ ամենը վկայում է կոնկրետ կոռուպցիոն ռիսկերի մասին, որոնք օր առաջ պետք է բացահայտվեն և հանրությանը ներկայացվեն, իսկ մեղավորները՝ պատասխանատվության ենթարկվեն:

ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիան շարունակելու է հետամուտ լինել Հայաստանում ջրային համակարգում առկա կոռուպցիոն ռիսկերի բացահայտմանը, ոլորտում առկա խնդիրների վերհանմանն ու կանոնակարգմանը՝ ի շահ պետության և հասարակության զարգացմանն ու բարգավաճմանը:

 

No Comments Yet.