ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիան՝ «ԵԱՏՄ երկրների էներգետիկ անվտանգությունը և ընդհանուր էներգետիկական շուկայի ձևավորման հիմնահարցերը» միջազգային կլոր սեղանի մասնակից

Ս.թ. փետրվրաի 25-ին Երևանում տեղի ունեցավ «ԵԱՏՄ երկրների էներգետիկ անվտանգությունը և ընդհանուր էներգետիկական շուկայի ձևավորման հիմնահարցերը» խորագրով միջազգային կլոր սեղան:

Հանդիպմանը մասնակցում էին պատվիրակություններ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, մասնավորապես՝ ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, «Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը,  Ռուսաստանի Դաշնության կառավարության կից փորձագիտական խորհրդի անդամ Ռոման Շկոլինը, «Հայ-ռուսական էներգետիկ համագործակցության հեռանկարներ» Անդրկովկասյան հետազոտությունների կենտրոնի տնօրենի տեղակալ Միկոլայ Բանինը: Հանդիպմանն ակտիվ մասնակցություն ունեցավ նաև ՀՀ վերականգնող էներգիա արտադրողների ասոցիացիան՝ ի դեմս գործադիր տնօրեն Ռոման Մելիքյանի:

Հանդիպման քննարկման առանցքային հարցերի շարքում էին ՀՀ-ում ատոմական էներգետիկայի հեռանկարային հիմնախնդիրները, վերականգնվող էներգետիկայի զարգացման հնարավորություններն ու մարտահրավերները, ինչպես նաև ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկական դաշտի ձևավորման նախադրյալները:

Պարոն Մելիքյանի կողմից ներկայացվեցին այսօր ՀՀ-ում վերականգնվող էներգետիկայի զարգացմանը նպաստող գործոններն ու ծրագրերը, առաջ քաշվեցին նաև դրանց խոչընդոտները, խնդրահարույց կողմերն ու հաղթահարման ուղիները: Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին հատկապես փոքր հիդրոէներգետիկայի ոլորտում ներդրումների ակտիվացման և խթանման ուղղությամբ: Մասնակիցները պայմանավորվեցին ակտիվացնել ձեռք բերված կապերն ու կյանքի կոչել ձեռք բերված  պայմանավորվածությունները:

 

No Comments Yet.